Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները նախապատրասվում են Իրանի կողմից հնարավոր հարձակման
Բահրեյնը կոչ է արել վարորդներին խուսափել գլխավոր մայրուղիներով երթևեկելուց, ինչպես նաև հրահանգել է քաղծառայողների 70%-ին այսօր աշխատել հեռավար ու տանից դուրս չգալ։ Քուվեյթը նախարարությունների համալիրում ապաստարաններ է հիմնել։ Երկու երկրներում էլ ամերիկյան ռազմաբազաներ կան։
Թեհրանը ավելի վաղ զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակման դեպքում կարող է թիրախավորել տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտները, այդ թվում՝ ռազմական բազաները։
Թեհրանը սպառնում է հակահարված տալ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե Թեհրանը դիտարկում է ամերիկա-իսրայելական հարվածներին արձագանքելու «բոլոր տարբերակները»։
Ավելի ուշ Իրանը թիրախավորել է իսրայելական մի շարք ռազմական ու ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանը։
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ չեզոքացրել են վտանգավոր հարվածները։ Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ երկրում 16 վիրավոր կա:
Իսրայելը ողջունում է Թրամփի որոշումը
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դաշնակիցներն ու հակառակորդները ողջունում են նախագահ Թրամփի՝ Իրանի դեմ հարձակումներին միանալու որոշումը:
Թրամփն «այսօր իր անունը ոսկե տառերով գրեց պատմության գրքերում», - հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:
Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, Նեթանյահուի կոշտ քննադատ Յաիր Լապիդն էլ պնդել է՝ «դա ճիշտ քայլ էր Իսրայելի և համաշխարհային անվտանգության համար»:
Ընդդիմադիր գործիչը միաժամանակ պնդել է, թե Իսրայելն այժմ պետք է ավարտի պատերազմը Իրանի դեմ, քանի որ արդեն հասել է իր «հիմնական նպատակներին»:
«Ճառագայթման աճ չկա», ըստ միջազգային փորձագետների
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների հարվածներից հետո «ճառագայթման մակարդակի աճ» չի գրանցվել։
«Գործակալությունը լրացուցիչ գնահատականներ կտրա Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», - հաղորդում է ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ։
Թրամփ. Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը անցած գիշեր իրանական երեք միջուկային օբյեկտ է խոցել. այսպիսով ԱՄՆ-ը միանում է Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմի մտավախություններ առաջացնելով:
Խոսելով «տպավորիչ ռազմական հաջողության մասին»՝ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ռմբակոծիչները հարվածել են Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտներին, քանի որ, նրա խոսքով, դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան:
Թրամփը, որ դեռ երկու օր առաջ ասել էր, թե «երկու շաբաթում» կորոշի Իսրայելին միանալ-չմիանալու հարցը, պնդում է, որ ամերիկյան հարվածները «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները:
14:45
Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում գտնվող ուսումնական կենտրոնի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս զինվորականներ են զոհվել, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:
14:45
Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում գտնվող ուսումնական կենտրոնի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս զինվորականներ են զոհվել, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանի Ղոմ քաղաքում՝ իր բնականարում, իսրայելական զինուժի հարվածից մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ստորաբաժանման փորձառու հրամանատարներից մեկը:
Կացի խոսքով՝ սպանված հրամանատարը Սայիդ Իզադին էր, որը ղեկավարում էր Ղոդսի ուժերի «Պաղեստինյան կորպուսը»։
ԻՀՊԿ-ից առայժմ հաստատում չի եղել:
ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական օդային հարվածներից Իրանում զոհվել է 639 մարդ, որոնց թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։
Իսրայելում, իշխանությունների տվյալներով, Իրանի կողմից արձակված հրթիռներից և դրոններից զոհվել է 24 քաղաքացիական անձ։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն չի ընդունի առաջարկ, որը կկասեցնի հարստացումը ամբողջությամբ, «հատկապես այս պահին՝ իսրայելական հարվածների պայմաններում»։