Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, Իսրայելի դեսպան Դանի Դանոնը հայտարարել է, որ իր երկիրը չի դադարեցնի հարվածները, «մինչև Իրանի միջուկային սպառնալիքը չչեզոքացվի»։
Իրանի ՄԱԿ-ում դեսպան Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին կոչ է արել միջամտել՝ հայտնելով, որ Թեհրանը լուրջ մտահոգություն ունի ԱՄՆ-ի՝ հնարավոր պատերազմին միանալու վերաբերյալ։
Թեհրանը հայտարարել է, որ չի բանակցի իր միջուկային ծրագրի շուրջ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը բացակայում է, քանի դեռ չեն դադարել իսրայելական հարվածները: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է ցուցաբերի «բանակցային լուծման գնալու վճռականություն»։
Հարցին՝ արդյոք Իրանը վրեժխնդիր կլինի՞ ԱՄՆ-ի թիրախների ու տարածաշրջանում տեղակայված ուժերի դեմ, եթե Նահանգները միանա Իսրայելին, Արասչին պատասխանել է, որ նման քայլը կդիտվի որպես ինքնապաշտպանության օրինական գործողություն։
«Երբ պատերազմ է, երկու կողմն էլ հարվածում են միմյանց։ Դա լիովին հասկանալի է։ Իսկ ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», - ասել է նա։
Իսրայելը հարված է հասցրել Իրանում՝ Սպահանում գտնվող միջուկային օբյեկտին, հաղորդում է Իրանի Fars գործակալությունը՝ հավելելով, որ վտանգավոր նյութերի արտահոսք չի գրանցվել։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։
Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։
Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվը։
Իրանական հրթիռները հարվածները սկսվել են գիշերը՝ մոտ 02:30-ի սահմաններում, ինչին ի պատասխան Իսրայելի հակաօդային պաշտպանությունը գործի է անցել՝ որսալով մի քանի հրթիռ Թել Ավիվի երկնքում։
Բազմահարկ բնակելի շենքի տանիքին հրդեհ է բռնկվել:
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։
Երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Ժնևում մի քանի ժամ տևած բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին բանակցություններից հետո ասել է, որ հակված են շարունակել քննարկումներ և բանակցությունները Իրանի հետ: