Մատչելիության հղումներ

Օր 10-րդ. ԱՄՆ-ը հարվածում է Իրանի միջուկային օբյեկտներին, Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է

19:56 22.6.2025

NYT. Այաթոլլահ Խամենեին բունկերում է, ընտրել է իրավահաջորդի թեկնածուներ

The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի այաթոլլահ Ալի Խամենեին ապաստանել է բունկերում՝ մտավախություն ունենալով, որ կարող է մահափորձի ենթարկվել Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից։

Իրանի գերագույն առաջնորդը դադարեցրել է էլեկտրոնային սարքերի օգտագործումը՝ իր գտնվելու վայրը թաքցնելու նպատակով, և այժմ իր հրամանատարների հետ շփվում է հիմնականում վստահելի օգնականի միջոցով, թերթին հայտնել են երեք իրանցի պաշտոնյաներ։

Նշվում է նաև, որ Խամենեին նաև վատթարագույն սցենարին է նախապատրաստվել և առանձնացրել է երեք թեկնածու՝ իրեն փոխարինելու համար։

Որպես կանոն, նոր գերագույն առաջնորդի նշանակումը Իրանում կարող է տևել ամիսներ, բայց այս դեպքում , ըստ NYT-ի, այաթոլլան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ իշխանության արագ և սահուն անցումը ապահովելու, իր ժառանգությունը պահպանելու համար։

Ընտրյալ թեկնածուների ցանկում, ըստ աղբյուրների, Խամենեիի որդու՝ Մոջթաբայի անունը չկա։ Թե ովքեր են թեկնածուները՝ չի նշվում։

19:45 22.6.2025
Իսրայել. Թել Ավիվում վնասված շենքը՝ ԱՄՆ հարվածներին Իրանի արձագանքից հետո
Իսրայել. Թել Ավիվում վնասված շենքը՝ ԱՄՆ հարվածներին Իրանի արձագանքից հետո
19:42 22.6.2025

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևի նախագիծ են ներկայացրել, որով կոչ են անում անհապաղ և անվերապահ դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում, հաղորդում է Ռոյթերզը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։

19:39 22.6.2025


ԱՄՆ-ի հարվածը Իրանին «վիրահատական միջամտություն էր, և հիմա Թեհրանից է կախված՝ ինչ կհետևի սրան, CBS-ի «Face the Nation» -ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մարկո Ռուբիոն կրկին պնդել է, թե Իրանի ունեցած հարստացման մակարդակը շատ ավելի բարձր էր խաղաղ նպատակներով պահանջվող չափանիշներից։

ԱՄՆ փոխնախագահը իր հերթին պնդել է, թե նախագահ Թրամփը հիմա էլ լրջորեն է տրամադրված Իրանի հետ բանակցություններին։

16:49 22.6.2025

Հնդկաստանի վարչապետը զրուցել է Իրանի նախագահի հետ, խորը մտահոգություն հայտնել ԱՄՆ հարվածների կապակցությամբ։ «Վերահաստատել ենք անհապաղ լիցքաթափման, երկխոսության և դիվանագիտության մեր կոչը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության շուտափույթ վերականգնման ուղի»,-գրել է նա:

16:10 22.6.2025
Արբանյակային լուսանկարներում երևում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ հարձակման նախօրեին՝ հունիսի 19-ին, Ֆորդոյի կայանի մոտ մեքենաների անսովոր կուտակումներ են եղել։ Իրանը պնդում է, թե մինչև հարձակումը օբյեկտից տարհանել էր միջուկային նյութերը։
Արբանյակային լուսանկարներում երևում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ հարձակման նախօրեին՝ հունիսի 19-ին, Ֆորդոյի կայանի մոտ մեքենաների անսովոր կուտակումներ են եղել։ Իրանը պնդում է, թե մինչև հարձակումը օբյեկտից տարհանել էր միջուկային նյութերը։
16:05 22.6.2025

Ամերիկացի զինվորները կարող են հայտնվել թիրախում.NYT

Հազարավոր ամերիկացի զինվորներ կարող են հայտնվել Իրանի անմիջական կրակի տակ. նրանցից շատերը ընդամենը մի քանի րոպե ժամանակ կունենան ՝ իրանական հրթիռից պաշտպանվելու համար, գրում էThe New York Times-ը։

«ԱՄՆ ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, կուղեկցվի անդառնալի վնասով», - անցյալ շաբաթ զգուշացրել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Ըստ ամերիկյան պարբերականի, Պենտագոնն այս պահին Մերձավոր Արևելքում ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայող և քաղաքացիական անձ ունի՝ միլիարդավոր դոլարների զենքից ու ռազմական տեխնիկայից բացի:

Դոհայում գործող Մերձավոր Արևելքի գլոբալ հարցերով խորհրդի ավագ վերլուծաբան Ադել Աբդել Ղաֆարը թերթի հետ զրույցում կանխատեսել է, որ Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան զորքերը կլինեն Իրանի առաջին թիրախները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնը այդ բազաներից դուրս է բերել օպերատիվ գործողություններում չներգրավված անձանց, ինչպես նաև զինծառայողների ընտանիքի անդամներին։

15:36 22.6.2025

Ռուսաստանը, որը Իրանի վաղեմի դաշնակիցն է, «խստորեն դատապարտել է» ԱՄՆ-ի կողմից երեկ հասցված հարվածները: Կատարվածից հետո առաջին պաշտոնական հայտարարությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդել է, որ ամերիկյան հարվածները «անպատասխանատու» են և կոպտորեն խախտում են «միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:

Մոսկվան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «վերջ դնել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հակամարտող գործողություններին»:

Վաղը Արաղչին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։

14:45 22.6.2025

Մենք ստիպված ենք պատասխանել. Արաղչի

Իրանի արտգործնախարարը սպառնացել է, թե Թեհրանը պատրաստ է հակահարված տալ ԱՄՆ—Իսրայել հարվածներին՝ «ինքնապաշտպանության» սկզբունքով։

Արաղչին մեղադրել է ԱՄՆ նախագահ Թրամփին դավաճանության մեջ, փաստելով, որ նա հարձակվել է մի երկրի վրա, որի հետ Միացյալ Նահանգները բանակցություններ էր վարում։ «Դրանով Թրամփը «դավաճանել է Իրանին» , «դավաճանել է դիվանագիտությանը», ավելին՝ «խաբել է իր սեփական ընտրողներին», հայտարարել է Իրանի թիվ մեկ դիվանագետը, հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը ընտրություններից առաջ խոստացել էր հեռու պահել Ամերիկան արտաքին պատերազմներից։

Արաղչին տեղեկացրել է նաև, որ այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։

13:44 22.6.2025
«Շնորհակալություն, պրն. նախագահ». Իսրայելի քաղաքներում առավոտից նման գրություններով բազմաթիվ պաստառներ կան
«Շնորհակալություն, պրն. նախագահ». Իսրայելի քաղաքներում առավոտից նման գրություններով բազմաթիվ պաստառներ կան

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG