Իրանի հետ խաղաղության բանակցությունները «խոստումնալից» են. Թրամփի բանագնաց

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «խոստումնալից» են, և Վաշինգտոնը հույս ունի երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Մենք արդեն խոսում ենք իրար հետ՝ ոչ միայն ուղիղ, այլև միջնորդների միջոցով», - ասել է նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն է նստել իրանցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի:

Նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե ամերիկյան ռմբակոծիչները «ջախջախել են» Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։ Իրանն իր հերթին պնդում է, որ ուրանի հարստացման գործունեությունը բացառապես քաղաքացիական նպատակներ ունի։

Իրանի նախագահն, իր հերթին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կարգավորել տարաձայնությունները ԱՄՆ-ի հետ:

Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։

Իրանը պատասխանել էր Իսրայելի ռազմական օբյեկտների և քաղաքների ուղղությամբ զանգվածային հրթիռակոծություններով։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների արդյունքում իրենց երկրում զոհվել է 610 մարդ, և վիրավորվել են 4746-ը։ Իրանի պատասխան հրթիռակոծությունները սպանել են 28 մարդու Իսրայելում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հրադադարը պահպանվում է