Մատչելիության հղումներ

եթերում Օր 12-րդ. Իսրայելը համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին

Իսրայել-Իրան հակամարտության 12-րդ օրն է:

Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է՝ «այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ համաձայնության մասին:

Այսօր առավոտյան Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Բեեր Շևայում իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով կան զոհեր:

12:09

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին, տեղեկացնում է Time of Israel-ը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ համաձայնվել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը»։

11:24

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Եթե այս հրադադարը հաջողվի Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ դրական զարգացում կլինի», - X-ի իր էջում գրել է Մերցը։

10:56

Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին

Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Time of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշում է, որ վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու համար, որ Իսրայելը հասել է «Առյուծի վերելք» գործողության բոլոր նպատակներին և շատ ավելին»։

«Իսրայելը վերացրել է կրկնակի անմիջական գոյության սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար»:

«Գործողության նպատակների իրականացման լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համաձայնեցված՝ Իսրայելը համաձայնել է նախագահի երկկողմ հրադադարի առաջարկին», - ասվում է վարչապետի հայտարարությունում՝ հավելելով, որ Իսրայելը «ուժեղ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։

09:32

«Հրադադարն այժմ ուժի մեջ է։ Խնդրում եմ չխախտել այն», - Truth social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

08:39

«Այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված պնդումներին։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ժամերին, երբ երկու կողմերն էլ ավարտեն նախկինում սկսված ռազմական գործողությունները։

Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն էլ հրաժարվել է մեկնաբանել հունիսի 24-ի առավոտյան հրադադարի մասին հաղորդագրությունները։

08:38

Հունիսի 24-ի առավոտյան Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Բեեր Շևայում իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով երեք մարզդ զոհվել է, հայտնում է Time of Israel-ը։

Երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց միջին ծանրության վիճակում, իսկ ևս վեց մարդ բուժօգնություն է ստանում դեպքի վայրում՝ լավ վիճակում։

08:37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Քաթարում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ արձակելուց առաջ տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, ինչի շնորհիվ մարդկային կորուստներ չեն գրանցվել։

«Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, և գրեթե որևէ վնաս չի պատճառվել։ Հուսով եմ, այլևս ատելություն չի լինի», - գրել է Թրամփը՝ հավելելով, - «հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա առաջ շարժվել դեպի խաղաղություն, և ես ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը»:

«Իրանը պաշտոնապես շատ թույլ արձագանք տվեց մեր կողմից միջուկային օբյեկտների ոչնչացմանը», - գրել է ԱՄՆ նախագահը:

XS
SM
MD
LG