Մատչելիության հղումներ

եթերում Օր 11-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է

Իսրայել-Իրան հակամարտության 11-րդ օրն է:

Փոխադարձ հարվածները շարունակվում են:

Իրանի արտգործնախարարը Ռուսաստանում է՝ բանակցություններ վարելու, այդ թվում՝ ՌԴ նախագահի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը:


14:52

«Ցանկացած երկիր իրավունք ունի զարգացնել միջուկային խաղաղ ծրագիրը», - մեկնաբանելով Իրանի շուրջ ծավալվող զարգացումները` այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր կարծիքով` բոլոր երկրներն էլ ատոմային էլեկտրակայաններ շահագործելու, միջուկային խաղաղ ծրագիր զարգացնելու իրավունք ունեն։ Մենք պնդում ենք մեր այս մոտեցումը», - ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ ԱՄՆ կողմից Իրանին հասցված հարվածներն աննախադեպ են։ «Որևէ մեկը դեռ չի կարող գնահատել դրանց հետևանքները», - նշել է Դմիտրի Պեսկովը։

13:50

Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների համաձայն՝ Իսրայելը հունիսի 23-ին ուժեղացրել է հարվածները Թեհրանի տարբեր շրջանների նկատմամբ, և մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերից ծուխ է բարձրանում:

Հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի պետական հեռարձակող IRIB-ի շենքերից մեկը եղել է հարձակման թիրախներից։ Լրատվական ալիքի ուղիղ եթերը ընդհատվել է, սակայն հեռուստաընկերության մնացած ալիքները շարունակում են հեռարձակվել։

13:36

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող միջնորդի դեր կատարել Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտության հարցում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր ժամանել է Մոսկվա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։

13:34

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը պետք է ուղղակի բանակցություններ սկսի Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո, չնայած Եվրամիությունը շարունակում է պատրաստակամություն հայտնել միջնորդելու բանակցություններում։

«Իրանն ասում է, որ ցանկանում է բանակցել միայն Եվրոպայի հետ, և մենք դա համարում ենք լավ ազդանշան, բայց միաժամանակ ասում ենք՝ դա բավարար չէ։ Մենք ուզում ենք, որ նաև Միացյալ Նահանգները ներգրավված լինի», – ասել է Վադեպֆուլը Բրյուսելում հունիսի 23-ին՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։

13:31

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը զգուշացում է հրապարակել, ըստ որի՝ ներկայումս «հայրենիքի դեմ ուղղված կոնկրետ ու վստահելի սպառնալիքներ չկան», սակայն ողջ երկրի տարածքում առկա է «բարձր սպառնալիքի միջավայր»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին։

13:22

Իսրայելը հայտարարում է, որ իր ուժերը հունիսի 23-ին հարվածել են մի շարք նոր թիրախների Իրանի արևմտյան հատվածում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարության մեջ նշել են, որ ավելի քան 15 կործանիչներ հարվածել են Քերմանշահի շրջանին՝ «կործանելով մի շարք հրթիռային արձակման և պահեստավորման վայրեր, որոնք ուղղված էին Իսրայելի տարածքի դեմ»։

Ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ հարձակվել են Իրանի կենտրոնական, արևելյան և արևմտյան հատվածներում գտնվող վեց օդանավակայանների վրա՝ «վնասելով թռիչքուղիներ, ստորգետնյա բունկերներ, մեկ լիցքավորող ինքնաթիռ և երեք այլ օդանավ»։

Իսրայելի զինված ուժերը հավելել են, որ «հիմա սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանում գտնվող ռազմական թիրախների դեմ»։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են «հզոր պայթյունների» մասին մայրաքաղաքում՝ նշելով, որ «բազմաթիվ հարվածներ» ուղղված են եղել քաղաքի հյուսիսային և արևելյան հատվածներին։

ԻԼՆԱ լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից հետո Թեհրանի հյուսիսային հատվածում հոսանքազրկում է տեղի ունեցել։


Լուսանկարում Թեհրանն է հունիսի 23-ի առավոտյան
Լուսանկարում Թեհրանն է հունիսի 23-ի առավոտյան
13:03

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանում բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել շարունակել երկխոսությունը և զգուշացրել, որ վերջին «դրամատիկ իրադարձությունները» կարող են ունենալ ոչ ցանկալի հետևանքներ, եթե հակամարտությունը «իրականում ընդլայնվի»։

«Մենք ունենք հնարավորություն՝ վերադառնալու երկխոսության և դիվանագիտության դաշտ», – ասված է նրա հայտարարության մեջ։

13:02

Հաղորդվում է, որ Իրանը «բազմաթիվ հրթիռներ» է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այսօր առավոտյան Իսրայելի ողջ տարածքում ավելի քան 30 րոպե հնչել են նախազգուշացնող ազդանշաններ։

13:02

Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ և ասել, որ «ԱՄՆ-ի ագրեսիայի նկատմամբ լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր երկրների համար»։

13:01

Այսօր առավոտյան Իրանից արձակված բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով վնասվել են ռազմավարական մի շարք ենթակառուցվածքներ, հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Իսրայելի էլեկտրական բաշխիչ ցանցերի ներկայացուցիչներին, պնդում են, որ իրանական հարվածների հետևանքով հոսանքազրկվել է Իսրայելի հարավային շրջանների մի մասը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG