14:45
Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում գտնվող ուսումնական կենտրոնի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս զինվորականներ են զոհվել, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:
Թրամփ. Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը անցած գիշեր իրանական երեք միջուկային օբյեկտ է խոցել. այսպիսով ԱՄՆ-ը միանում է Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմի մտավախություններ առաջացնելով:
Խոսելով «տպավորիչ ռազմական հաջողության մասին»՝ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ռմբակոծիչները հարվածել են Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտներին, քանի որ, նրա խոսքով, դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան:
Թրամփը, որ դեռ երկու օր առաջ ասել էր, թե «երկու շաբաթում» կորոշի Իսրայելին միանալ-չմիանալու հարցը, պնդում է, որ ամերիկյան հարվածները «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները:
«Ճառագայթման աճ չկա», ըստ միջազգային փորձագետների
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների հարվածներից հետո «ճառագայթման մակարդակի աճ» չի գրանցվել։
«Գործակալությունը լրացուցիչ գնահատականներ կտրա Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», - հաղորդում է ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ։
Իսրայելը ողջունում է Թրամփի որոշումը
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դաշնակիցներն ու հակառակորդները ողջունում են նախագահ Թրամփի՝ Իրանի դեմ հարձակումներին միանալու որոշումը:
Թրամփն «այսօր իր անունը ոսկե տառերով գրեց պատմության գրքերում», - հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:
Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, Նեթանյահուի կոշտ քննադատ Յաիր Լապիդն էլ պնդել է՝ «դա ճիշտ քայլ էր Իսրայելի և համաշխարհային անվտանգության համար»:
Ընդդիմադիր գործիչը միաժամանակ պնդել է, թե Իսրայելն այժմ պետք է ավարտի պատերազմը Իրանի դեմ, քանի որ արդեն հասել է իր «հիմնական նպատակներին»:
Թեհրանը սպառնում է հակահարված տալ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե Թեհրանը դիտարկում է ամերիկա-իսրայելական հարվածներին արձագանքելու «բոլոր տարբերակները»։
Ավելի ուշ Իրանը թիրախավորել է իսրայելական մի շարք ռազմական ու ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանը։
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ չեզոքացրել են վտանգավոր հարվածները։ Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ երկրում 16 վիրավոր կա:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները նախապատրասվում են Իրանի կողմից հնարավոր հարձակման
Բահրեյնը կոչ է արել վարորդներին խուսափել գլխավոր մայրուղիներով երթևեկելուց, ինչպես նաև հրահանգել է քաղծառայողների 70%-ին այսօր աշխատել հեռավար ու տանից դուրս չգալ։ Քուվեյթը նախարարությունների համալիրում ապաստարաններ է հիմնել։ Երկու երկրներում էլ ամերիկյան ռազմաբազաներ կան։
Թեհրանը ավելի վաղ զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակման դեպքում կարող է թիրախավորել տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտները, այդ թվում՝ ռազմական բազաները։
Մենք ստիպված ենք պատասխանել. Արաղչի
Իրանի արտգործնախարարը սպառնացել է, թե Թեհրանը պատրաստ է հակահարված տալ ԱՄՆ—Իսրայել հարվածներին՝ «ինքնապաշտպանության» սկզբունքով։
Արաղչին մեղադրել է ԱՄՆ նախագահ Թրամփին դավաճանության մեջ, փաստելով, որ նա հարձակվել է մի երկրի վրա, որի հետ Միացյալ Նահանգները բանակցություններ էր վարում։ «Դրանով Թրամփը «դավաճանել է Իրանին» , «դավաճանել է դիվանագիտությանը», ավելին՝ «խաբել է իր սեփական ընտրողներին», հայտարարել է Իրանի թիվ մեկ դիվանագետը, հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը ընտրություններից առաջ խոստացել էր հեռու պահել Ամերիկան արտաքին պատերազմներից։
Արաղչին տեղեկացրել է նաև, որ այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։
Ռուսաստանը, որը Իրանի վաղեմի դաշնակիցն է, «խստորեն դատապարտել է» ԱՄՆ-ի կողմից երեկ հասցված հարվածները: Կատարվածից հետո առաջին պաշտոնական հայտարարությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդել է, որ ամերիկյան հարվածները «անպատասխանատու» են և կոպտորեն խախտում են «միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:
Մոսկվան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «վերջ դնել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հակամարտող գործողություններին»:
Վաղը Արաղչին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։
Ամերիկացի զինվորները կարող են հայտնվել թիրախում.NYT
Հազարավոր ամերիկացի զինվորներ կարող են հայտնվել Իրանի անմիջական կրակի տակ. նրանցից շատերը ընդամենը մի քանի րոպե ժամանակ կունենան ՝ իրանական հրթիռից պաշտպանվելու համար, գրում էThe New York Times-ը։
«ԱՄՆ ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, կուղեկցվի անդառնալի վնասով», - անցյալ շաբաթ զգուշացրել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Ըստ ամերիկյան պարբերականի, Պենտագոնն այս պահին Մերձավոր Արևելքում ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայող և քաղաքացիական անձ ունի՝ միլիարդավոր դոլարների զենքից ու ռազմական տեխնիկայից բացի:
Դոհայում գործող Մերձավոր Արևելքի գլոբալ հարցերով խորհրդի ավագ վերլուծաբան Ադել Աբդել Ղաֆարը թերթի հետ զրույցում կանխատեսել է, որ Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան զորքերը կլինեն Իրանի առաջին թիրախները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնը այդ բազաներից դուրս է բերել օպերատիվ գործողություններում չներգրավված անձանց, ինչպես նաև զինծառայողների ընտանիքի անդամներին։