Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու ԱՄԷ նախագահները, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը կրկին ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում։ Ըստ հաղորդագրության՝ առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը։
Իրանի միջուկային օբյեկտները՝ քարտեզով
Թեհրանի արևելյան տարբեր շրջաններ կրկին Իսրայելի հարձակումների թիրախում են հայտնվել, հայտնում է «Ազատության» իրանական ծառայությունը: Հարձակման ենթարկված վայրերի վերաբերյալ մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Իսրայելի բանակը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում գտնվող ռազմական թիրախներին։
Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել Իրանի ներքին անվտանգության ծառայության շտաբ-բնակարանին։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հենց նոր «ոչնչացրել են իրանական ռեժիմի ներքին անվտանգության ծառայության շտաբը, որը համարվում է իրանական բռնապետի ռեպրեսիաների գլխավոր գործիքը»։
«Ինչպես խոստացել էինք, մենք շարունակելու ենք հարվածներ հասցնել Իրանի իշխանության խորհրդանիշներին և այաթոլաների ռեժիմին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք», - ասել է Կացը:
Թեհրանը դեռ չի մեկնաբանել այս լուրը:
Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ամբողջությամբ անպաշտպան է, օդային պաշտպանություն առհասարակ չունի՝ կրկին պնդելով, որ Թեհրանը պետք է առանց նախապայմանների գործարք կնքի։
Հայաստանն այս օրերին փորձում է աջակցել ոչ միայն Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին, կամ իրանահայերին, այլև տարբեր երկրների քաղաքացիներին տարհանման, ապաստան տանելու հետ կապված:
«Պրոցեսի մեջ ենք... սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին ծավալները միայն կավելանան»,- այսօր խորհրդարանում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Իրան-Իսրայել հակամարտության մասին, որ շարունակվում է արդեն վեցերորդ օրը:
Իսրայելի արտգործնախարարը հակադարձել է Թուրքիայի նախագահին, ով այսօր պնդել էր, թե Նեթանյահուն գերազանցեց Հիտլերին:
«Զավեշտալի է, որ բարոյականության և միջազգային իրավունքի մասին խոսում է մեկը, ով չի թաքցնում իր իմպերիալիստական հավակնությունները, ով ներխուժել է Սիրիայի հյուսիս և անօրինական կերպով տիրապետում է Հյուսիսային Կիպրոսին», - գրել է Գիդեոն Սաարը X-ում։
Թեհրանի կենտրոնում ուժեղ պայթյուններ են լսվել, տեղից հաղորդում է «Ֆրանսպրեսի» թղթակիցը:
Միացյալ Նահանգներն աշխատում է Իսրայելից ԱՄՆ քաղաքացիների տարհանման ուղղությամբ՝ կազմակերպելով չվերթներ և զբոսանավերի մեկնումներ, հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպանը։