- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Մեծ յոթնյակի» անդամ երկրները խստորեն դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Այս «չհրահրված և միանգամայն չարդարացված հարձակմանը նախորդել են շինծու պնդումներ և չհիմնավորված մեղադրանքներ», ասվում է համատեղ հայտարարության մեջ:
G7-ը Մոսկվային կոչ է արել «դադարեցնել արյունահեղությունը» և անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անձնակազմի անվտանգությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի առաջին խորհրդական Ալենա Շևցովան։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության և ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ ՎՏԲ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն։
Ռուսաստանյան առաջատար ավիաընկերության չվերթները դեպի Մեծ Բրիտանիա կարգելվեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանում 58 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսաստանյան վերնախավի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Պատժամիջոցներ են կիրառվել մասնավորապես ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, ներառյալ` ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի դեմ։ Կանադան նաև կչեղարկի Ռուսաստանին ավելի վաղ տրված արտահանման թույլտվությունները։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների սահմանման մասին, որոնք, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, լուրջ հարված կհասցնեն Ռուսաստանի տնտեսության վրա ինչպես անմիջապես, այնպես էլ ժամանակի ընթացքում:
Ամերիկյան կառավարությունը, մասնավորապես, սահմանափակումներ է կիրառում ռուսական բանկերի նկատմամբ, որոնց ակտիվները կազմում են առնվազն մեկ տրիլիոն դոլար։ Դրանց թվում է ռուսաստանյան մեծությամբ երկրորդ՝ ՎՏԲ բանկը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Թուրքական նավագնացության գերատեսչությունը հաղորդում է, որ տուժածներ չկան, նավը գտնվում է անվտանգ վայրում։
Ռուսական ուժերը Օդեսայի մոտ ռազմական գործողություններ են իրականացնում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու առաջին օրը առնվազն 57 մարդ է զոհվել, 169-ը վիրավորվել են։ Տվյալները հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա հետ խորհրդակցելուց հետո Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հաղորդում է Ելիսեյան պալատը։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն անկեղծորեն մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։