- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Հաղորդվում է Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների և կրակոցների մասին՝ Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որը կարող է ազդարարել երկու երկրների միջև ծանր մարտերի սկիզբը:
Այսօր վաղ առավոտյան արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններում ասվում է, որ բազմաթիվ քաղաքներ ենթարկվել են հարձակման, և որ ցամաքային ուժերը Ուկրաինա են մտնում Ռուսաստանի և Բելառուսի տարբեր դիրքերից:
Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, որ լայնամասշտաբ ներխուժում է սկսվել, որից վաղուց վախենում էին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Twitter-ում գրել է. - «Պուտինը հենց նոր լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա։ Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են: Սա ագրեսիայի պատերազմ է»։
Այսօր վաղ առավոտյան իր հեռուստատեսային ելույթում Պուտինը փորձել է արդարացնել հարձակողական գործողությունը՝ պնդելով, որ պետք է խոչընդոտել Ուկրաինային միջուկային զենք ձեռք ստանալու հարցում: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել վայր դնել զենքերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անմիջապես դատապարտել է գործողությունը՝ այն անվանելով «չհրահրված և չարդարացված» հարձակում Ուկրաինայի վրա, և ասել, որ աշխարհը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»։
«Նախագահ Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմը, որը կարող է հանգեցնել կյանքերի աղետալի կորստի և մարդկային տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու մահվան և ավերի համար, որ այս հարձակումը բերելու է, և Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործըկերները կպատասխանեն միասնական ու վճռական ձևով։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի», - հայտարարել է Բայդենը։
Բայդենն ասել է, որ այսօր կդիմի ժողովրդին։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ուկրաինայի զինված ուժերը վստահեցնում են, որ ետ են մղում «զավթիչների» օդային հարձակումները։
«Այսօր ժամը 5։00 Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը սկսել են արևելքում մեր ստորաբաժանումների ինտենսիվ հրետակոծություններ, ինչպես նաև հրթիռային հարվածներ են հասցրել ու ռմբահարել օդակայանները Բորիսպոլում, Օզերնոյեում, Կուլբակինոյում, Չուգուևում, Կրամատորսկում, Չերնոբաևկայում, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտները», - ասված է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
«Պետության պաշտպանության ուժերը լիակատար մարտական պատրաստականության վիճակում են, գրավել և պահպանում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է», - վստահեցնում է գլխավոր շտաբը՝ միաժամանակ հերքելով հաղորդումը ռուսական զորքերի դեսանտի Օդեսա մտնելու վերաբերյալ։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, վստահեցնում է, թե Ուկրաինայի քաղաքներին հրետանային և ավիացիոն հարվածներ չեն հասցվում, այլ «ռազմական ենթակառուցվածքն է խոցվում բարձր ճշգրտության զենքով»։
Գերատեսչությունը հերքում է Ուկրաինայի երկնքում ռուսական օդանավի խոցման մասին հաղորդումները։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։
«Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Ուկրաինայի նախագահը զրուցել է ԱՄՆ նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Լեհաստանի նախագահի հետ։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին գրել է Թվիթերում։
«Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, Ուկրաինայի և աշխարհի դեմ պատերազմը, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսատանին խաղաղության գնալ», - ասված է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ էլ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ շարունակում է բանակցություններն աշխարհի առաջնորդների հետ, ստացել է Կատարի Էմիրի աջակցությունը։ «Աշխարհը մեզ հետ է», - վստահեցրել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ հայտարարություններ են արել։
«Միայն Ռուսաստանն է պատասխանատու ավերածությունների համար», որը կբերի Ուկրաինայի վրա հարձակումը, հայտարարել է Ջո Բայդենը։
«Ողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի համար են, որը տառապում է ռուսական ուժերի կողմից չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով։ Նախագահ Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմի ճանապարհը, որը կհանգեցնի մարդկային ահռելի կորուստների և տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատվություն կրում մահերի համար, որը կբերի այս հարձակումը, և Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական եղանակով։ Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ առավոտյան մեծ յոթնյակի երկրների հետ հանդիպում կանցկացնի, որից հետո ԱՄՆ ժողովրդի առջև ուղերձով հանդես կգա, որպեսզի բացատրի Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է ուկրաինական սարսափելի իրադարձություններից։ Նրա խոսքով, Պուտինը ընտրել է արյունահեղության և ավերածության ճանապարհը։Վարչապետը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ու դաշնակիցները վճռական պատասխան կտան։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարությամբ են հանդես եկել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «աննախադեպ և չհրահրված ռազմական ագրեսիայի» կապակցությամբ՝ «հնարավորինս խստագույն ձևով դատապարտելով» այն։
«Իր չհրահրված և չարդարացված ռազմական գործողություններով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային օրենքը, վտանգում եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հայտարարությունում։
Եվրամիության ղեկավարները Ռուսաստանին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և ամբողջապես հարգել այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ «Ուժի նման գործադրումը և հարկադրանքը տեղ չունի 21-րդ դարում», - ասված է հայտարարությունում։
Հաղորդվում է նաև որ Միշելն այսօր Եվրոպական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ անդրատլանտյան գործընկերների հետ սերտ համակարգմամբ քննարկելու ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի նկատմամբ հետագա «զսպող միջոցառումները, որոնք զանգվածային ու ծանր հետևանքներ կթողնեն Ռուսաստանի վրա՝ իր գործողությունների համար»։
«Մենք համակարգում ենք մեր արձագանքը մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի հետ, որոնց առաջնորդներն այսօր հանդիպելու են», - հայտարարում են Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Ռոսավիացիան հայտարարել է, որ Ռուսաստանի հարավում դադարեցրել է 12 օդանավակայանների գործունեությունը՝ հայտարարելով, որ այդ օդային տարածքը «ապահով չէ քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար»։
Միևնույն ժամանակ Ուկրաինան է փակել իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը դադարեցրել է Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Ռուսական ֆոնդային բորսաները Ուկրաինայի վրա հարձակման ֆոնին 30-35 տոկոսի անկում են ապրել։ Երկրի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ արժույթի շուկայում ինտերվենցիաներ է սկսում։
Ավելի վաղ մոսկովյան բորսան հայտարարել էր, որ դադարեցնում է արժեթղթերի առքուվաճառքը բոլոր բորսաներում։ Մոսկվայից հետո նաև Սանկտ Պետերբուրգի բորսան է դադարեցրել գործունեությունը։
Այս ամենից հետո Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտնել է, որ իրավիճակը կայունացնելու նպատակով որոշել է արժեթղթի շուկաներում ինտերվենցիաներ անել։ Գլխավոր դրամատունը հավելել է, որ հստակ ծրագրեր ունի՝ իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի դեպքում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Ուկրաինայի դեմ ռուսական օպերացիային։
Գործողությանը Բելառուսի ենթադրյալ մասնակցության մասին ավելի վաղ հայտնել էր CNN-ը։
Լուկաշենկոն հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած գիշեր զանգահարել է իրեն և տեղեկացրել Ուկրաինայի դեմ գործողության մեկնարկի մասին։ Նա պնդել է, թե իբր ուկրաինացի զինվորականները զգուշացվել են գործողության մոտալուտ մեկնարկի մասին։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Այսօր Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որին մասնակցում են մի շարք նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ: Օրակարգի գլխավոր հարցը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված հարձակումն է:
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը դիմել է պաշտոնական Անկարային երկրի օդային տարածքը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները փակելու կոչով։