«Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի մոտ ապագայում չի ավարտվի», - գերմանական Welt պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՄԵնք պետք է ընդունենք, որ եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացիները դադարեն կռվել, նրանց երկիրը կդադարի գոյություն ունենալ։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը՝ խաղաղություն կլինի», - նշել է Ստոլտենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ Ուկրաինան ի վերջո միանալու է Հյուսիսատլանտյան դաշինքին։
Միացյալ Նահանգները պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։
«Ինչ էլ չասեն ամերիկացիները, միևնույն է` այդ նրանք են կառավարում այս պատերազմը, նրանք են սպառազինություն և հետախուզական տվյալներ, այդ թվում` արբանյակների միջոցով ստացված տեղեկատվություն տրամադրում [Ուկրաինային]։ Նրանք, ըստ էության, մեր դեմ պատերազմ են վարում», -Россия 1 հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսական իշխանությունները հայտնում են Մոսկվայի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման փորձի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ անցած գիշեր հարվածային դրոններից մեկը ՀՕՊ ուժերի կողմից չեզոքացվել է Իստրայի շրջանում, մյուսը՝ Ռամենսկոյե քաղաքի մերձակայքում։
Ռուսական աղբյուրների հաղորդման համաձայն՝ տուժածներ չկան։ Հարձակման հետևանքով մոսկովյան «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում վեց չվերթ չեղարկվել է, ևս 30-ը հետաձգվել են։
Ռուսաստանի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ անցած գիշեր վեց ԱԹՍ-է խոցվել Ղրիմի ափերի մոտ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին բրիֆինգում հայտնել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Սա կլինի նրանց երրորդ հանդիպունը, որը տեղի կունենա ծայրահեղ կարևոր շրջանում, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ դաժան պատերազմի համար օգնություն է փնտրում այնպիսի երկրներում, ինչպիսին է Հյուսիսային Կորեան», - նշել է Սալիվանը։
Նա նաև ասել է, որ գալիք շաբաթ ԱՄՆ-ը հնարավոր է հայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Անցած մեկ օրում ռուսական ուժերը ռմբակոծել են ուկրաինական ութ մարզեր։ Զապորոժիեի մարզային իշխանությունները հաղորդում են ավիահարվածների հետևանքով Օրեխովո բնակավայրում երկու կնոջ վիրավորվելու մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, ուկրաինական ուժերին մեղադրել է անօդաչուների միջոցով Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների փորձերի մեջ։ Հաղորդվում է, որ Կալուգայի ու Տվերի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգերը երկու անօդաչու են ոչնչացրել։ Տուժածներ չկան։
Շաբաթ առավոտյան մոսկովյան օդանավակայաններից ավելի քան երեք տասնյակ թռիչք էր հետաձգվել։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հերքել է պնդումները, թե կանցլեր Օլաֆ Շոլցը ձգձգում է Կիևին Taurus տեսակի թևավոր հրթիռների մատակարարումը: Նա չի բացառել, որ հարցը կլուծվի առաջիկա շաբաթների ընթացքում:
«Դա վստահության խնդիր չէ, այլ երաշխիքների, որ հրթիռները չեն ուղղվի բուն ռուսական տարածքի վրա: Մենք՝ կանցլերը, ես և մեր կաբինետի մյուս անդամները, պարտավորվել ենք կանխել Գերմանիայի ժողովրդին սպառնացող վտանգները, դա մեր խնդիրն է»,- ասել է Պիստորիուսը Մյունսթերում Վեստֆալիայի խաղաղության կնքման 375-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
Նա հավատացրել է, որ Գերմանիան ցանկանում է ըստ ամենայնի աջակցել Ուկրաինային, և եթե Taurus-ների վերաբերյալ որոշում կայացվի առաջիկա մեկ-երկու շաբաթում, ապա այն անպայման կիրագործվի:
«Նա [կանցլեր Շոլցը] չի տատանվում, ցանկացած որոշում կայացնելիս անհրաժեշտ է ծանրութեթև անել, մտածել հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և ավելացրել, թե չի կարելի մոռանալ, որ «խոսքն այսօրվա դրությամբ առաքվածներից ամենահեռահար հրթիռների մասին է», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրում է Ուկրաինային զենք տրամադրելու համար, պնդելով, թե դա միայն նպաստում է հակամարտության շարունակմանը: Ըստ Մոսկվայի, այդ մատակարարումներով Արևմուտքը դառնում է ռազմական առճակատման անմիջական մասնակից:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է Բախմուտի մոտակայքում գտնվող Անդրեևկա գյուղը գրավելու մասին:
«Հարձակողական գործողությունների ընթացքում մեր ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Կլեշչևկայի մոտ և գրավել են Անդրեևկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն Բախմուտի մոտ գտնվող առաջին բնակավայրն է, որն ուկրաինացիները կարողացել են հետ գրավել: Գարնանը ռուսները՝ «Վագների» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ, արյունալի մարտերի արդյունքում գրավել են այդ տարածքը:
Կլեշչեևկան և Անդրեևկան գտնվում են Բախմուտի ավերակներից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ։ Ուկրաինացիների բանակն ամռան սկզբից փորձում է շրջափակել Բախմուտը, որի գրավումը ռուսները մարտական կարևոր նվաճում են անվանել:
Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ-ալիքներ երեկ հաղորդել են, որ ռուսները լքել են թե՛ Անդրեևկան, և թե՛ Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդել են, որ այդ երկու ավերված բնակավայրերը գտնվում են «գորշ գոտում» և չեն վերասհկվում ոչ ռուսների, ոչ էլ ուկրաինացիների կողմից:
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի անունը ներառվել է ուկրաինական «սև ցուցակում»՝ «Խաղարար» կառույցի կայքի տվյալների բազայում:
Կիմ Չեն Ընը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար:
Այդ կայքում Կիևը գրանցում է պետական, քաղաքական կամ հասարակական գործիչներին, ինչպես նաև բիզնեսի, սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին, ովքեր այս կամ այն եղանակով սատարում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը:
Կիմ Չեն Ընի անձնական տվյալները սեպտեմբերի 6-ին են հայտնվել «Խաղարարի» կայքում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին կմեկնարկի քաղաքական բանավեճերի փուլը: Ենթադրվում է, որ տեղի կունենա Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որի օրակարգում կլինի ռուս-ուկրաինական պատերազմը:
Politico պարբերականի փոխանցմամբ՝ եթե այդ նիստին մասնակցելու հրավեր ստանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ապա չի բացառվում, որ նա մի սեղանի շուրջ կնստի Ռուաստանի ներկայացուցիչների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զելենսկին Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա սեպտեմբերի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Ուկրաինայի և Ռուսաստանի հետևակների արյունալի կռիվներից և հրետանային հարվածներից զատ կողմերը նաև օդային թեժ մարտեր են մղում:
Օդում ռուսների երբեմնի գրեթե լիակատար գերակայությունը որոշ չափով նվազել է, քանի որ ուկրաինական կողմն էլ է սկսել ակտիվորեն անօդաչուներ կիրառել:
Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության ջոկատները և ծովային ուժերի ստորաբաժանումն անցած գիշեր հատուկ գործողություն են իրականացրել և գրավված Ղրիմում՝ Եվպատորիայի մոտակայքում հարվածներ են հասցրել ռուսների հակաօդային պաշտպանության համակարգին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակիցը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության անանուն աղբյուրին, հաղորդում է, որ ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել С300/400 «Триумф» տեսակի ՀՕՊ կայան, որի արժեքը մեկ միլիարդ 200 միլիոն դոլար է: