Շենգավիթի նախկին թաղապետն աշխատանքից ազատվելուց 4 օր անց կալանավորվել է

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը և Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանը

Շենգավիթի նախկին թաղապետ, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանը, սեփական դիմումով աշխատանքից ազատվելուց 4 օր անց կալանավորվել է:

Քննչական կոմիտեն, միայն գրավոր հարցմամբ հաստատեց կալանքի լուրը: Կառույցից, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում են մամուլում շրջանառվող լուրերը, թե Մկրտչյանը իշխող կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին խմբով ծեծելու համար է 2 ամսով կալանավորվել:

Թեպետ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց մասնակցությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու հոդվածով, բայց կալանավորված է միայն Մկրտչյանը։

Կոմիտեից չեն հստակեցնում նաև, թե քանի մարդ է անցնում գործով, քանիսն ունի մեղադրյալի, տուժողի, կամ կասկածյալի կարգավիճակ, ընդգծել են՝ նախաքննական գաղտնիք է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից

Այս թեմայով լուռ են նաև ՔՊ-ականներն ու հենց Շենգավիթի տարածքային կառույցի անդամները: Նրանցից Հռիփսիմե Հունանյանը միայն հաստատեց՝ ծեծ եղել է. - «Խնդիր է եղել թաղապետի և խորհրդի անդամների հետ, որի հետևանքով էլ էսպիսի իրավիճակ է ստեղծվել: [Ծեծ] եղել է, բայց չգիտեմ՝ ինչ մասշտաբի, ինչ է եղել, մանրամասնություններից տեղյակ չեմ, դրա համար դա ավելի լավ է պարզաբանի քննչական մարմինը»:

Ենթադրաբար ծեծված Տիգրան Մակարյանը Շենգավիթի թաղապետարանի քաղաքաշինության բաժնում է աշխատել: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ կոնֆլիկտը սկսվել է, երբ Մակարյանը հրաժարվել է թաղապետի հանձնարարած շինությունը քանդել՝ նշելով, թե սեփականատերն իր հարևանն է, ինչից հետո դիմում է գրել ու հեռացել: Իսկ թաղապետը, ըստ թերթի, սկսել է խոչընդոտել Մակարյանի կազմակերպած կուսակցական հավաքները։ Ծեծկռտուքի պատճառ է դարձել այն, որ Մակարյանը Մկրտչյանի մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն խոսքեր է հնչեցրել նրա հասցեին, ինչից հետո վերջինիս խնդրանքով, այդ մտերիմը Մակարյանին իր տուն է հրավիրել, որտեղ էլ ծեծել են նրան:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեպքից հետո, Մակարյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանություն է հերթապահել նրա տան մոտ, որովհետև թաղապետն ասել է՝ այսքանով չի ավարտելու: Միջադեպն, ըստ օրաթերթի աղբյուրների, քննարկվել է ՔՊ-ում, նախկին թաղապետն էն կալանավորվել է վարչապետի ցուցումով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ այն ինչ գրվում է մամուլը, իրականությանը համապատասխանո՞ւմ է, նախկին թաղապետին կուսակցությունից հեռացնելու հարց վարչության նիստում քննարկվե՞լ է, կամ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ նախկին թաղապետը Ռազմիկ Մկրտչյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է: Ալեքսանյանն այս թեմայով գրեթե ոչինչ չասաց:

«Կուսակցությունում կարգապահական վարույթների մասին տեղեկատվություն տրամադրվում է միայն այդ վարույթներն ավարտվելու փաստի բերումով: Այսինքն՝ այս թեմայով ոչ մի բան չեմ կարող ասել», - նշեց Ալեքսանյանը:

Ապրիլի վերջին էլ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն էր տեսախցիկների առջև ծեծի ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Միջադեպին նախորդել էին մանկապարտեզներից մեկի ենթադրյալ կոռուպցիոն բացահայտումը, հեռախոսային երկկողմանի հայհոյախառն վեճն ու յոգուրտով ակցիան։ Թաղապետը միջադեպից միայն 20 օր անց հրաժարական տվեց ու հայտարարեց՝ արարքի համար չի զղջում։

Քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել չորս անձի, այդ թվում՝ Տեր-Մարգարյանին, իսկ Չախոյանն ու մեկ ընդդիմադիր անդամ մեղադրվում են խուլիգանության համար։ Բոլորն ազատության մեջ են։

Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ տարօրինակ չէ՞, որ ուղիղ եթերում ընդդիմադիր ակտիվիստին ծեծի ենթարկած արդեն նախկին թաղապետն ազատության մեջ է, իսկ Շենգավիթի նախկին թաղապետը երկամսյա կալանքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Նորքի թաղապետարանում ծեծի դեպքով երկու քրեական գործ՝ 6 մեղադրյալով, նրանց թվում է թաղապետը

«Կալանքը կամ խափանման միջոցն առհասարակ որոշում է դատարանը՝ հենվելով կամ չհենվելով դատախազության միջնորդության վրա: Մի դեպքում մեր կուսակցականն է, որը կալանավայրում է, մի դեպքում մեր կուսակցականը չի, որը կալանավայրում չի: Այսինքն՝ եթե հակառակը լիներ՝ այդ ընդդիմադիր դաշտից մեղադրանքը կհասկանայի, բայց հիմա մեղադրանքը չեմ հասկանում», - արձագանքեց Ալեքսանյանը:

Ենթադրյալ ծեծի ենթարկված Տիգրան Մակարյանն ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց մեր զանգերը: Առայժմ հայտնի չէ նաև, թե ով է նախկին թաղապետի փաստաբանը: Ռազմիկ Մկրտչյանն անազատության մեջ է արդեն 10 օր:

2018-ի հեղափոխությունից հետո Շենգավիթի թաղապետ նշանակված ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանը հրաժարականի իր հրապարակային տեքստում թեև նշել էր, թե պաշտոնը թողնելու մտադրություն վաղուց է ունեցել, բայց պատճառները, գրել էր, անձնական են:

Միջադեպից հետո հարուցված քրեական գործն, ի դեպ, քննվում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի վարչությունում: Այստեղ են քննվում հատկապես բարձր պաշտոնյաների առնչությամբ, հասարակական հնչեղություն ունեցող կամ բարդ քրեական գործերը։ Նոր Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի քննությունը նույնպես այս ստորաբաժանումն է իրականացնում: