«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Երևան» ՔԿՀ: Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ՔԿՀ մամուլի խոսնակ Նոնա Նավոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է Կարապետյանը տեղափոխվել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, մամուլի խոսնակը պատասխանեց. - «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»:
Սամվել Կարապետյանն օրերս պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ ասելով. - «Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
Վարչապետի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա հունիսի 19-ին կալանավորվեց՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պայքարելու ենք». Սամվել Կարապետյանը բանտից ուղերձ է հեղել