Շուտով դատարաններն անկախ են լինելու, շուտով արդարությունն ու արդարադատությունը վերականգնվելու է, շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, Սամվել Կարապետյանի ուղերձները Արմավիր քրեակատարողական հիմնարկից այսպես են ավարտվում: Անազատության մեջ հայտնված միլիարդատերը, որ զրկված է տեսակցությունից, չի լռում, ասելիքը հանրությանն է փոխանցում փաստաբանների միջոցով:
Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանությանը, վերլուծում է Սամվել Կարապետյանը. - «Ամբողջությամբ քանդել երկրի արատքին անվտանգությունը, փչացնել հարաբերությունները ռազմական դաշնակիցների հետ»
«Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին ու սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել հայկական տարածքները: Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը: Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է», - նշել է նա:
Սամվել Կարապետյանը ենթադրում է՝ Երևանում իրեն կալանավորել են Բաքվի պահանջով, նշում է՝ չորս տարի առաջ նույն օրը Բաքուն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել: Իրեն առաջադրված մեղադրանքը որակել է ապօրինի, փաստարկները՝ սնանկ:
«Պայքարելու ենք», - Գործարարի ուղերձները բանտից այսպես են ավարտվում:
Արդյոք Սամվել Կարապետյանի քաղաքական ուղերձները նշանակո՞ւմ են, որ մտադիր է ակտիվանալ քաղաքական կյանքում, ի՞նչ են նշանակում պայքարելու կոչերը: Կարապետյանները քաղաքական հավակնությունների մասին հստակ ոչինչ չեն ասում: Գործարարի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանն էլ «Ազատության» հետ զրույցում չցանկացավ դրա մասին խոսել:
Սամվել Կարապետյանը Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի է, վարչապետի թեկնածու չի կարող առաջադրվել, իսկ հնարավո՞ր է սատարի որևէ ուժի կամ մարդկանց համախմբի՝ այլ թեկնածուի շուրջ:
«Ես հասցեատերը չեմ այդ խոսակցության, չէի ուզենա պատասխանել», - նշեց Նարեկ Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց անմիջապես հետո:
Վարչապետ Փաշինյանը սպառնալից արձագանքեց թե, «պոռնկաբարո» հոգևորականների պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Փաշինյանի գրառումից հետո իրավապահները գործի անցան, գործարարի առանձնատունը խուզարկեցին, իսկ հետո նրան կալանավորեցին: Մեղադրում են իշխանությունը զավթելու, կառավարությանը տիրանալու կոչերի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց, ԱԱԾ-ականները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունըԻնչո՞ւ են ուզում լռեցնել հատկապես ռուսաստանաբնակ գործարարին, Նարեկ Կարապետյանը դա կապում է հորեղբոր բարձր վարկանիշի հետ: Իսկ իշխանամերձ շրջանակներից վերլուծում են, թե ռուսաստանաբնակ գործարարը Կրեմլի պրոկետն է, որ եկեղեցու միջոցով փորձում են քաղաքական գործընթացներ հրահրել Փաշինյանի դեմ, տիրանալ իշխանությանը:
Վարչապետ Փաշինյանը իրավական գործընթացներին զուգահեռ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու մտադրության մասին մասին: Զգուշացրեց, թե գործնական քայլեր են սկսում: Ինչպես են դիմադրելու գործադիրի ղեկավարի մտադրություններին: Նարեկ Կարապետյանը, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, ասաց ընկերության իրավաբաններն են դրանով զբաղվելու:
Կարապետյանի բիզնեսներից մեկն էլ՝ «Տաշիր պիցցա» ցանցը, Սննդի անվտանգության տեսչության թիրախում է: Ակտիվ ստուգումներ են մասնաճյուղերի մի մասի աշխատանքը կասեցրել են՝ հայտնաբերված խախտումների հիմնավորմամբ:
Ստուգումների համար «Տաշիր պիցցա» ընկերությունն է դիմել, բայց այս մասշտաբի խախտումներ ու փակված մասնաճյուղեր մինչև Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումը նախկինում չի եղել: Սա «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև տեսչության մամուլի խոսնակը:
«Քաղաքական հետապնդում է»
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրվեց ծայրահեղ միջոցը՝ կալանքը, խիստ ռեժիմով՝ սահմանափակումներով: Փաստաբանների մեկնաբանմամբ՝ քաղաքական հետապնդում է:
Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը միջին ծանրության է, ճիշտ այնպես ինչպես Նոր Նորքի թաղապետին, որ տեսախցիկների առջև ծեծում էր քաղաքական ընդդիմախոսին, բայ չկալանավորվեց, հիշեցնում է փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել էին Վերաքննիչ, բայց այսօր դիմումը հետ են վերցրել՝ դատավորին չեն վստահում: Դիմումն աննախադեպ արագությամբ մակագրել են Արմեն Դանիելյանին, որն ըստ Վարդևանյանի, կանխատեսելի որոշումներ է կայացնում:
«Քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր գործերով կամ այսպես ասած աղմկահարույց բոլոր գործերով վերջինիս որոշումները միշտ համընկնում են դատախազների հետ», - ընդգծեց Վարդևանյանը:
Փաստաբանական խումբը Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը բողոքարկելու է նաև միջազգային ատյաններում: Այս պահին դեռ մանրամասներ չեն հայտնում: