ՀՅԴ-ն և այլ ուժեր հայտնում են իրենց կուսակիցների տներում խուզարկությունների մասին

ՀՅԴ ԳՄ-ն հայտնում է կուսակցության մի քանի անդամների, ներառյալ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տանն այս պահին ընթացող խուզարկությունների մասին:

Ըստ Գերագույն մարմնի՝ խուզարկում են ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարանները:

«Ազատության» թղթակիցը հայտնում է, որ Իգոր Սարգսյանի տանը խուզարկությունն ավարտելուց հետո իրավապահները նրան տեղափոխել են Քննչական կոմիտե:

Իրավապահների գործողությունների մասին հայտնել են նաև այլ քաղաքական ուժեր, ինչպես նաև «Սրբազան պայքար» անունն ստացած շարժումը: Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտարարել է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին:

Էջմիածնի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանը ևս պնդել է, որ խուզարկում են ավագանու ընդդիմադիր անդամների բնականները, ապա տեղափոխում քննչական բաժիններ:

«Սրբազան պայքարի» անդամներից զատ մյուս խուզարկությունների մասին դեռևս իրավապահների կողմից պարզաբանումներ չեն տրվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հաղորդում է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին