Իրանի դեմ ահագնացող պատերազմի ֆոնին երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ժառանգորդ է ընտրում՝ իր մահվան պարագայում իշխանության սահուն փոխանցում ապահովելու համար: Ամերիկյան The New York Times-ի տեղեկություններով` Խամենեին արդեն թեկնածուներ ունի, որոնք կարող են հավակնել իր պաշտոնին։
Անուններ չեն նշվում, բայց հայտնի է, որ այդ ցանկում չկա Խամենեիի որդու՝ Մոջթաբայի անունը, որը համարվում էր իր հոր պաշտոնի գլխավոր հավակնորդը։ Մոջթաբան բարձրաստիճան հոգևորական է և սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, հոր կոշտ, ծայրահեղ պահպանողական, անզիջում քաղաքական գծի հետևորդնғերից է:
Պարբերականը, հղում անելով Իրանի իշխանություններին մոտ կանգնած երեք պաշտոնյայի, գրում է, որ պատերազմի բռնկումից հետո Խամենեին բունկերում է թաքնված, մահափորձից զգուշանալով ենթակաների հետ շփվում է բացառապես վստահելի օգնականի միջոցով՝ հրաժարվելով էլեկտրոնային կապի ցանկացած տեսակից։ Ըստ իրանցի անանուն պաշտոնյաների՝ Խամենեին հոգացել է նաև իր օգնականների մահվան դեպքում նրանց փոխարինողների հարցը, ինչը թույլ կտա անխաթար շարունակել կապը ռազմական հրամանատարության հետ։
Վերջին օրերին Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ բանակի ղեկավար կազմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներ են աննկատ սպանվել Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Թել Ավիվից պարբերաբար մահվան սպառնալիքներ են հնչում նաև Խամենեիի հասցեին, ում ձեռքում է ավելի քան երեք տասնյակ տարի կենտրոնացած Իրանի իշխանությունը՝ օրենսդիր և գործադիր թևերը, զինված ուժերի ղեկավարումը։
Reuters գործակալությունը, վկայակոչելով Իրանում իր պաշտոնական աղբյուրները, նույնպես հաստատում է՝ մահվան վտանգի բախված Իրանի ղեկավարությունն ակտիվորեն քննարկում է Խամենեիի իրավահաջորդի ընտրության հարցը և նախընտրում է այնպիսի մի թեկնածու, որը հավատարիմ կլինի Իսլամական հեղափոխության սկզբունքներին և ընդունելի կլինի ինչպես ժողովրդի, այնպես էլ ռազմական խավի համար։
Հինգ պաշտոնյաներ, որոնք նախընտրել են անանուն մնալ, Reuters-ին պատմել են, որ այդ թեկնածուն կարող է լինել ինչպես գերագույն առաջնորդի որդին՝ Մոջթաբան, այնպես էլ Հասան Խոմեյնին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի թոռը։ Շիա հոգևորականը համարվում է բարեփոխականների ճամբարի ներկայացուցիչ և խոսում է սոցիալական ու քաղաքական սահմանափակումների մեղմացման օգտին, միաժամանակ հարգանք է վայելում ավագ հոգևորականների և Իսլամական հեղափոխության պահապանների շրջանում՝ իր ծագման շնորհիվ։
Շրջանառվող անուններից բացի, հնարավոր է ընտրվի անհայտ հոգևորական, որը կլինի Հեղափոխության պահապանների կորպուսի կատարողը՝ սահմանափակ իշխանությամբ, կարծում է իրանցի փորձագետ Ալի Վաեզը։
«Հնարավոր է, որ նրանք առաջադրեն մի թեկնածու, որի մասին ոչ ոք երբեք չի լսել, և որն իրականում չի ունենա նույն իշխանության լծակները, որոնք ունի այաթոլա Խամենեին ավելի քան 30 տարի», - ասում է փորձագետը:
Տասնամյակներ առաջ իշխանությունն այաթոլաներին զիջած Փահլավիների ժառանգորդը Խամենեիին կոչ է անում օր առաջ հեռանալ, իշխանությունն էլ աշխարհիկ թեկնածուի՝ իրեն հանձնել։ Արտասահմանում բնակվող՝ Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին պնդում է, որ ռեժիմի փոփոխությունը միակ քայլն է, որը կստիպի Իսրայելին և Միացյալ Նահանգներին դադարեցնել հարվածները:
«Իրանի ազատագրման և խաղաղության միակ լուծումն այն է, որ այս ռեժիմն այլևս գոյություն չունենա։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը վերջապես որոշի՝ արդյոք այս անգամ կանգնում են ժողովրդի կողքին՝ օգնելու նրանց տապալել այս ռեժիմը», - հայտարարել է Փահլավին:
Ուղիղ 37 տարի առաջ այս օրերին, երբ Իրանի դեմ կրկին Միացյալ Նահանգների աջակցությամբ Իրաքն էր պատերազմում, և է՛լ ավելի մռայլ էին այդ հակամարտության հեռանկարները, Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլա Ռուհոլլահ Խոմեյնին դժկամությամբ ընդունեց հրադադարի որոշումը: «Կում անել թույնի բաժակից», - այսպես էր ստեղծված իրավիճակը բնութագրել Խոմեյնին, ում «կում անելուց» էլ կախված էր երիտասարդ Իսլամական Հանրապետության հետագա գոյությունը:
Առայժմ հստակ չէ, թե ինչ որոշում կկայացնի նրա իրավահաջորդը՝ 86-ամյա Ալի Խամենեին, որի առաջնորդած երկիրը մի քանի օրում ավելի ծանր հարվածների է բախվել, քան Իրաքի հետ ութ տարի տևած պատերազմի ժամանակ։
Ավելի քան մեկ շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում Իրանի գերագույն առաջնորդը շարունակաբար պնդել է՝ հանձնվել չի պատրաստվում ՝ ակնարկելով, որ նախընտրում է նահատակվել, քան սպիտակ դրոշ պարզել ԱՄՆ նախագահ Թրամփին և Իսրայելի վարչապետ Նեթանյահուին։
«Իրանի ժողովուրդը կդիմադրի պարտադրված պատերազմին», - անցած օրերին հայտարարում էր Խամենեյին, ով պատերազմի բռնկումից ի վեր երկու տեսաուղերձ է հղել՝ երկուսն էլ ենթադրաբար բունկերից՝ շագանակագույն վարագույրների ֆոնին և իրանական դրոշի կողքին, երկուսն էլ նախապես ձայնագրված։
Այդ ելույթների օրերին թվում էր Իրանի բանակը հաղթահարել է վաղեմի հակառակորդի ցավոտ հարձակումների ու բարձրաստիճան զինվորականների կորստի ցնցումը և վերակազմակերպվում է։ Սակայն վրա հասան Միացյալ Նահանգների վաղուց խոստացված հարվածները, որոնց թիրախը, ինչպես Իսրայելն ու Արևմուտքն են պնդում, Խամենեեի գլխավոր քաղաքական և ռազմավարական նպատակին մաս կազմող միջուկային կառույցներն էին, այդ թվում՝ Ֆորդոյի խորքում գտնվող ուրանի հարստացման կայանը։
«Մեր նպատակն էր վերացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունները և ավարտել այդ միջուկային սպառնալիքը ահաբեկչությունը հովանավորող թիվ մեկ պետության կողմից: Սա չի կարող շարունակվել։ Իրանի համար կա'մ խաղաղություն կլինի, կա'մ ողբերգություն», - կիրակի օրը հայտարարում էր Դոնալդ Թրամփը: