«Ազատություն» ռ/կ թղթակից Եսիպենկոն ազատ է արձակվել ռուսական կալանքից

Ուկրաինայի քաղաքացի և լրագրող Վլադիսլավ Եսիպենկոն, որը համագործակցում էր «Crimea.Realities» լրատվամիջոցի հետ («Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության տարածքային հարթակ), ազատ է արձակվել ռուսական կալանքից ավելի քան չորս տարի անց:

Նա ձերբակալվել էր՝ կասկածանքով, թե իբր Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար տեղեկատվություն է հավաքել։ Լրագրողն այդ մեղադրանքը մերժել է։

Եսիպենկոն իշխանությունների կողմից ազատ է արձակվել հունիսի 22-ին։

«Ավելի քան չորս տարի Վլադը կամայականորեն պատժվում էր մի հանցանքի համար, որը նա չէր գործել։ Նա չափազանց բարձր գին վճարեց արձանագրելու համար ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում», - ասված է ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվ Կապուսի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ լրագրողը ենթարկվել է խոշտանգման ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն. «Թեև մենք ուրախանում ենք նրա երջանիկ վերամիավորման առիթով իր կնոջ՝ Կատերինայի և դստեր՝ Ստեֆանիայի հետ, չենք կարող աչք փակել այն ցավի վրա, որը նրանց պատճառել են ռուսական իշխանությունները»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ևս ողջունել է այս լուրը. «Բարի վերադարձ տուն»։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ներկայացրած մեղադրանքներն անհիմն էին։

Նախօրեին էլ Բելառուսի նախագահը ԱՄՆ միջնորդությամբ ներում էր շնորհել 14 քաղբանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկուն և «Ազատության» թղթակից Իգոր Կարնեյին։