Խուզարկություններ ընդդիմադիրների տներում. 14 ձերբակալվածների շարքում է Բագրատ Գալստանյանը (թարմացվող, ուղիղ)

«Ազատության» ուղիղ հեռարձակումը՝

15:30

Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Գևորգ Ազիզյանը քիչ առաջ հայտնեց, որ ձերբակալվածներին Քննչական կոմիտեից տեղափոխելու են ձերբակալվածների պահման վայր:

Ի դեպ, տարածքում գտնվող քաղաքացիները մեծ թվով զորքեր բերելուց հետո վրդովվել են:

15:04

Ոստիկանության զորքեր են բերվել Քննչական կոմիտեի դիմաց:

15:00

Քննչական կոմիտեն հայտնում է, որ այս պահին կա 14 ձերբակալված անձ: 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է ընդունվել, որոնք բավարարվել են։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են «նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ»:

Բացի այս, ըստ ՔԿ-ի, հայտնաբերվել է բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, «խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

13:52

Քննչական կոմիտեն մեկ այլ հաղորդագրություն է հրապարակել՝ պնդելով, որ այդ ձայնագրությունների մեջ ներկայացվում են «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այդ ձայնագրություններին դեռ չի հասցրել ծանոթանալ:


13:45

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Քննչական կոմիտե է տեղափոխվել նաև գործարար Տիգրան Գալստյանը: Նրա տանը ևս խուզարկություններ են իրականացվել: Մելիքյանն ասաց, որ իր պաշտպանյալ Գալստյանը չի ընդունում մեղադրանքը, նա անցնում է նույն վարույթով:

«Քննչականը վրա-վրա տալիս է վարույթի նյութեր, դրանք գտնվում են ուղիղ ՔԿ-ի հետ կապ չունեցող քաղաքական կառույցի՝ Civic.am-ի հետ համագործակցության մեջ, մի բան նրանք են տալիս, մի բան՝ նրանք, այսինքն՝ սա քաղաքական ուղիղ ուղղորդման մասին է վկայում, բայց մեզ՝ պաշտպաններիս արգելում են նախաքննական տվյալներ հրապարակել: Սա խայտառակություն է», - ասաց Մելիքյանը:

Թե քանի ձերբակալված կա, ասաց՝ հստակ չգիտի: Բայց վստահ է՝ նրանց թիվն անցնում է մեկ տասնյակը:

13:40

Բագրատ սրբազանն ու մյուս բերման ենթարկվածները Քննչական կոմիտեում են:

13:25

Your browser doesn’t support HTML5

Բագրատ Սրբազանին ու կողմնակիցներին տեղափոխում են Քննչական կոմիտե

13:02

Մեքենան, որով իր կեցավայրից բերման ենթարկեցին Բագրատ սրբազանին, քիչ առաջ ժամանեց Քննչական կոմիտեի մոտ:


12:40

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ խուզարկությունների արդյունքում իրավապահները չեն առգրավել որևէ հիմք ահաբեկչության կազմակերպման համար: Նրա փոխանցմամբ՝ Բագրատ սրբազայանը տեղափոխվել է Քննչական կոմիտե:

12:30

Պատգամավոր Արթուր Սարգսյանի տանն անցկացված խուզարկությունն ավարտվել է: Պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավապահները առավոտյան ժամը 8-ին են սկսել գործողությունները՝ դրանք որակելով որպես «իշխանությունների վախեր»՝ ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով:

Your browser doesn’t support HTML5

Արթուր Սարգսյանի մեկնաբանությունը

12:25

ՀՅԴ ԳՄ-ն հայտնում է կուսակցության մի քանի անդամների, ներառյալ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տանն այս պահին ընթացող խուզարկությունների մասին:

Ըստ Գերագույն մարմնի՝ խուզարկում են ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարանները:

12:20

Բագրատ սրբազանին, Հրայր սարկավագին և շարժման աջակիցներից ևս մեկին բերման ենթարկելուց հետո փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց, որ սա հերթական «մասկի շոու»-ն է՝ կապված երեկ հրապարակված «հեղաշրջման պլանի» հետ:

Մեկ օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» լրատվամիջոցը՝ Civic.am-ը, հրապարակել էր մի փաստաթուղթ, որը ներկայացրել էր որպես «հեղաշրջման պլան»:

«Որևէ քրեորեն հետապնդելի առարկա, իր չեն հայտնաբերել {սրբազանի տնից}: Մի բուռ մեխ են տարել կոշիկի համար նախատեսված», - ասաց փաստաբանը:

12:15

ԱԱԾ-ն քիչ առաջ բերման ենթարկեց «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին:

Այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին նրա և շարժման այլ աջակիցների տներում:

ՔԿ-ն հաղորդել է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին:

Ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հաղորդում է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին