Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայր Սեյրան Դարբինյանը տնային կալանքի տակ են։ Մեղադրանքը՝ խոշոր չափերով փողերի լվացում, որը կապված է 18 տարի առաջ թալանված մաքրման կայանի հետ։ Դատարանը Դարբինյան եղբայրների նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել, բայց մերժել է նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Մեղադրանքը վերաբերում է 2007 թվականին սկսված ու անմիջապես կասեցված քրեական վարույթին, որը վերաբացվել է 2019-ին՝ հեղափոխությունից հետո։ Լոռու մարզի դատախազը դեռ 4 տարի առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ փորձաքննություններ են նշանակել, և որ շատ շուտով թարմ ապացույցներ կունենան։
Բայց այդ ամբողջ ընթացքում որևէ անձի, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ մեղադրանք չկար:
2018-ից ի վեր Դարբինյանին առնչվող բազմաթիվ քրեական և դատական վարույթներ են եղել, սակայն նախկին քաղաքապետը ոչ մի օր ճաղերի հետևում չի անցկացրել։
Օրերս Սամվել Դարբինյանը Երևանում էր՝ դատարանի բակում աջակցելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, ով կալանավորվեց իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով։ Մամուլի տվյալներով՝ նա այդ օրը մի քանի ժամ եղել է նաև Կարապետյանների առանձնատանը։ Դարբինյանը ձերբակալվեց այս իրադարձություններից չորս օր անց։
Վանաձորի մեկ այլ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նույնպես այդ օրը եղել է դատարանի բակում և հաստատում է, որ տեսել է Սամվել Դարբինյանին։ Արդյո՞ք Դարբինյանների ձերբակալությունը կապ ունի այս իրողությունների հետ, հարցին պատասխանեց այսպես. «Ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ՝ կապ ունի, թե կապ չունի»:
Դատախազության տվյալներով՝ 1999-2016 թվականներին Վանաձորի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Սամվել Դարբինյանը 2010-ին համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման նախկին կայանի խոշոր շենք-շինությունները ձևական աճուրդով օտարել է՝ էական վնաս պատճառելով համայնքին։ Այնուհետև ապամոնտաժվել են մաքրման կայանի թանկարժեք խողովակներն ու սարքավորումները։
Մեղադրանքը հետևյալն է. «2010-11 թթ. Դարբինյանը, հանդիսանալով համայնքի ղեկավար, իր հետ փոխկապակցված ընկերության հետ կնքել է մաքրման կայանի խողովակները ապամոնտաժելու պայմանագիր։ Այնուհետև յուրացման եղանակով հափշտակել է խողովակաշարը և օգտագործել իր ու իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի շինարարության մեջ։ Խողովակների ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպել է այն իբրև ձեռքբերում՝ այդ կերպ խեղաթյուրելով գույքի հանցավոր ծագումը»։
Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանը կառուցվել է խորհրդային տարիներին: Ու թեև պատրաստ էր շահագործման, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ չի գործարկվել: Չնայած այժմ իրավապահները հիշատակում են, թե Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանը թալանվել է 2010-ին, բայց դրա թալանի փաստով քննությունն ավելի վաղ է սկսվել։
Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց ու վերաբացվել է միայն 2019-ին: Այդ ժամանակ դատախազությունը հայտարարում էր, որ նախկին քաղաքապետը 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել է իր մտերիմին։
Դեռ երեք տարի առաջ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեկ շաբաթ էր տվել ենթականերին կեղտաջրերի մաքրման կայանի գործի մասին իրեն զեկուցելու համար և վստահ էր, որ շատ արագ մեղավորները մեղադրյալի աթոռին են նստելու:
«Մենք նշանակել ենք ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն։ Փաստվել է, որ մոտ ապագայում կստանանք և ստանալու արդյունքում կքննարկենք անձին մեղադրանք առաջադրելու հարցը»,- ասել էր դատախազ Կարեն Գաբրիելյանը 2022-ի ամռանը:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ։ Դրանից հետո պարբերաբար «Ազատությունը» հարցումներ էր անում ու պատասխան ստանում, թե դեռ փորձաքննության արդյունքը չունեն։ Ինչո՞ւ փորձաքննությունը քննիչների սեղանին հայտնվեց միայն այժմ՝ փորձաքննություն նշանակելուց 6 տարի անց, պաշտոնական պատասխան չկա: