Վեհարանը Վեհափառից ազատելու վարչապետ Փաշինյանի ձեռնարկած օպերացիան ակտիվ փուլ է մտել. այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահը «Ազատության» տաղավարում հայտարարեց, որ բազմաթիվ դիմումներ կան:
Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ ազդարարել էր, որ համակարգող խորհուրդ է ձևավորում կաթողիկոսին փոխելու համար, առաջին 10 հոգուն անձամբ կընտրի՝ «հոգու աչքերով»: Վարչապետն ինքը չափորոշիչներ է սահմանել՝ թե ովքեր կարող են դիմել. ամբողջ հոգով Հիսուսին հավատացողներ, ամեն օր աղոթողներ և այլն: Փաշինյանն ու թիմակիցները վստահ են՝ հոգևորականներից շատերն են սատարում այս գործընթացին, հատկապես ամուսնացյալ քահանաները:
«Նորմալ կարգով ամուսնացյալ մարդը, ով ուղղակի չի խաբել, կեղծ երդում չի կերել նա չի կարող այդ աստիճանակարգային բարեկարգումն ունենա՞», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Մինչև այժմ Մայր աթոռի հոգևորականներից որևէ մեկը վարչապետին աջակցող ու կաթողիկոսի դեմ հրապարակային հայտարարություն չի արել, Վահագն Ալեքսանյանի պնդմամբ ՝ ամուսնացյալ քահանաների շրջանում կա աջակցություն. - «Սատարումը պիտի տեսնեք նաև նրանց լռության մեջ»:
Չեն լռում և շատ ակտիվ գործունեություն են սկսել, կաթողիկոսի որոշմամբ, նախկինում կարգալույծ եղած հոգևորականները:
Տեր Սահակ քահանա Գալստյան ներկայացող քաղաքացին, որ ըստ Մայր Աթոռի, զրկված է հոգևորական կարգից, վստահ է՝ քահանաների 90 տոկոսը ոտքի է կանգնելու: Իսկ այն կարգալույծ եղած հոգևորականները, որ կուսակրոնության ուխտը պահել են կարգից զրկվելուց հետո անգամ, թող անպայման դիմեն վարչապետին՝ որպես կաթողիկոսի թեկնածում նշում է նա:
Կիրակի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Էջմիածնի տոնն էր նշում: Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց, ինչ կասի հետո Գարեգին Երկրորդը՝ իր պատգամում, շատերն էին սպասում: Նիկոլ Փաշինյանը նորից հարցեր ուներ, ոչ տոնական. - «Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին»։
Վարչապետի ոչ մի ակնկալիք չարդարացավ: Վեհափառը տեղի ունեցողը հասարակությունը պառակտելու ցավալի գործողություններ որակեց:
Ատելությամբ ու թշնամանքով, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, ընդգծեց կաթողիկոսը:
Իշխող թիմի ներկայացուցիչը վստահ է՝ իրենց հաջողվելու է «մաքրել եկեղեցին»:
«Էջմիածինը միանշանակ շարունակելու է պաշտպանել Ազգային շահերը, բայց իր գնալուց հետո արդեն հայ ազգային շահերը, Հայաստանի պետական շահերը նույնպես», - ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:
Գարեգին երկրորդ կաթողիկոսը կիրակնօրյա միասնական աղոթքում հիշեց տեղահանված արցախցիներին, Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին փորձությունների մեջ մխիթարություն գտնելու զորություն մաղթեց, իսկ հավաքվածներին առաքյալի խոսքով դիմեց. - «Հաստատուն մնացեք հավատքի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի»:
Էջմիածնի տոնին նախորդել է միաբանական համագումար, որ տևել է 5 օր, այդ մասին Մայր Աթոռը միայն այսօր է հաղորդագրություն տարածել: Այդ համագումարին մասնակցել են միաբաններ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից:
Ըստ էջմիածնի հայտարարության՝ Վեհափառը մտահոգությամբ է նշել, որ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր հեղինակությունը: Միաբաններին հորդորել է միասնական լինել նոր փորձություններին հանդիման:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում՝