Երեկ Վրաստան էին գործուղվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը՝ քննարկելու նաև հայկական կոնյակի արտահանման խնդիրները։
Գևորգ Պապոյանը հանդիպումից հետո հայտարարել է՝ վրացական կողմի հետ պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Վրաստանի անցակետում ամիսներ շարունակ կանգնած 150 հայկական բեռնատարներ կանցնեն սահմանը և կուղևորվեն Ռուսաստան։
Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ հայկական կոնյակով բեռնված մեքենաները չեն կարողանում անցնել Վրաստանի տարածքով և հասնել ռուսական շուկա։ Կոնյակի արտահանմամբ զբաղվող ընկերությունները, որ այս ընթացքում միլիոնավոր դրամների վնաս են կրել, նշում են՝ նախարար Պապոյանի հայտարարություններում չեն գտել իրենց հուզող կարևոր հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ է Վրաստանը որոշել ստուգել Ռուսաստանի համար նախատեսված հայկական կոնյակի որակը, և արդյո՞ք դա շարունակվելու է։
«Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն «Ազատությանը» պատմեց, որ նախարարի հայտարարությունից ժամեր անց էլ իրենց 19 բեռնատարները, օրվա երկրորդ կեսի տվյալներով, դեռ շարունակում են կանգնած մնալ վրացական Գեզի անցակետում։
«Մենք ակնկալում ենք, որ խնդրի լուծումը լինի այնպիսին, որ մեքենաներն այլևս Գեզի անցակետ չմտցնեն, վրացական կողմը չպահի, իսկ այսպես մի ամիս պահելուց հետո 20 մեքենայից 5-ը բաց թողնել խնդրի լուծում չէ», - ասաց նա՝ հավելելով, - «Թեև խոսվում է, որ դրանք կարող են շարժվել, միևնույնն է, սա չենք կարող համարել խնդրի վերջնական լուծում: Չունենք հստակ ցուցակ, շարք, այս պահի դրությամբ միայն ունենք հայտարարություն, ակնկալում ենք, որ մեքենաները բաց կթողնեն»։
Վրաստանում առաջացած կուտակումները չկրկնապատկելու պատճառաբանությամբ Հայաստանի ՊԵԿ-ը ժամանակավորապես արգելել էր հայկական կոնյակով բեռնատարների ելքը։ Օրեր անց հայտարարվեց, որ խնդիրը կարգավորվել է։ Նախարար Գևորգ Պապոյանն էլ երեկ նշել է, որ բեռնատարների անխոչընդոտ տրանզիտն ապահովելու պայմանավորվածություն ունեն։ Սակայն «Պռոշյանի կոնյակի գործարանից» Գայանե Պողոսյանն ասում է՝ իրենց 7 բեռնատարները դեռ չեն կարողանում դուրս գալ հայկական մաքսային տերմինալից. «Այստեղից էլ է ինչ-որ խոչընդոտներով գնում, այնպես չէ, որ հարթ ու հանգիստ ձևակերպումներն արվում են, գնում են: Սա երկկողմանի պայմանավորվածություն է երևի»:
Այս երկու ամիսների ընթացքում ալկոհոլային խմիչքներ արտահանող «Արկոն Թրեյդ» ընկերության ընդամենը 7 բեռնատարի է հաջողվել հատել վրացական սահմանն ու մտնել Ռուսաստան, այս պահին, սակայն, դեռ 11 մեքենա Վրաստանում կանգնած է։ Ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանն ասաց՝ Պապոյանի երեկվա հայտարարությունն իրենց մի փոքր հուսադրել է, բայց մտահոգությունները չի ցրել։
«Էկոնոմիկայի նախարարությունը լայվ ռեժիմով ամեն օր մեզ հետ աշխատում է, ու հիմա բոլորս միասին սպասում ենք, թե ոնց է դա աշխատելու: <> Մենք այս պահին ունենք մեքենա, որն արդեն 35 օր այնտեղ կանգնած է: Դա մահաբեր է բիզնեսի համար», - ասաց նա:
Փորձագետ Գագիկ Մակարյանը, որ հայկական կոնյակի արտահանման խնդիրներին հետևում է առաջին օրվանից, հայ պաշտոնյաների այցն ու դրանից հետո արված հայտարարությունները ևս դրական փոքրիկ տեղաշարժ է համարում, բայց ընդգծում է՝ վրացական կողմն այս ձգձգումների համար ներողություն այդպես էլ չխնդրեց, իսկ հայ պաշտոնյաներն այդպես էլ չկարողացան պարզել խնդրի բուն պատճառը։
Մակարյանը տեղեկություններ ունի, թե կոնյակ արտահանող հայկական ընկերությունները նաև կոնյակի անորակ սպիրտ են այլ երկրից բերում Հայաստան ու արտահանում Վրաստան՝ ռուսական շուկայում դեմպինգ անելով։ Ըստ նրա՝ սա զայրացրել է նաև վրացական կողմին, իսկ հայ պաշտոնյաներն ասում է՝ գիտեն այս մասին, բայց լռում են։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին մեկ ամսում Վրաստանի գյուղնախարարին հանդիպելու մի քանի փորձ էր արել, բոլորն էլ՝ անհաջող։ Խնդիրը ծագելուց երկու ամիս անց նախարարությունից խոստովանել էին՝ պատճառը չեն կարողացել պարզել։ Իսկ երեկ, երբ վերջապես հանդիպել էին Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի ու ՊԵԿ ղեկավար Իրակլի Բերաիայի հետ, պարզ չէ՝ ի վերջո պարզե՞լ են, թե ինչու Վրաստանը սկսեց ստուգել իր տրանզիտ տարածքով անցնող հայկական կոնյակը, կամ կդադարեցնեն՞ արդյոք այդ գործունեությունը։ Համենայն դեպս, պաշտոնական հայտարարությունում ոչ մի բառ այս մասին չկար։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.