«Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ընդունված «Հայաստանի տարածքից բռնի կերպով և սիստեմատիկաբար արտաքսված ադրբեջանցիների վերադարձի մասին» բանաձևն արտացոլում է պատմական փաստերը և հիմնված է միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը։
«Չնայած Հայաստանի պնդումներին՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով», - պնդել է Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ասել է, թե Հայաստանի կողմից փաստաթղթերի բովանդակության «նենգափոխման փորձերը և պատմական իրադարձությունների կեղծումը խաղաղության գործընթացը խաթարելու Երևանի ձգտման ևս մեկ օրինակ են»։
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։