Մատչելիության հղումներ

Գյումրիում կրակոցների փաստով վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն մանրամասներ դեռ չի հրապարակում


Վայրը Գյումրիում, որտեղ տեղի են ունեցել հունիսի 19-ի գիշերվա իրադարձությունները
Վայրը Գյումրիում, որտեղ տեղի են ունեցել հունիսի 19-ի գիշերվա իրադարձությունները

Հունիսի 19-ի գիշերը Գյումրիում հնչած կրակոցների փաստի առթիվ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով:

Թեև մամուլը երեկվանից գրում է, «Ազատության» աղբյուրներն էլ հաստատում են, որ այս միջադեպը կապ ունի գյումրեցի ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու նրա ընտանիքի մտերիմների հետ, նախաքննական մարմինը հրաժարվում է հրապարակել միջադեպի մասնակիցների անուններն ու այլ մանրամասներ:

Այնինչ դեպքին հաջորդող օրերին Գյումրիում սկսեցին լուրեր շրջանառվել, որ քաղաքի կենտրոնում գտնվող սննդի օբյեկտներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի մասնակիցները եղել են Գյումրիի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքը առաջնորդած Մարտուն Գրիգորյանի հարազատներն ու 12 տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու կողմից սպանված Արտյոմ Կարապետյանի՝ Շեկո մականունով հայտնի թաղային հեղինակության որդին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ վեճի առիթը տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունն ու Գյումրիի ՏԻՄ ընտրություններին հաջորդած զարգացումներն են եղել. սպանված թաղային հեղինակության որդուն ենթադրաբար զայրացրել է փաստը, որ Մարտուն Գրիգորյանի դաշինքը իր քվեարկությամբ միացել է ընդդիմությանը՝ օգնելով, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվի: Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահիկ Ղուկասյանը 17 տարվա ազատազրկման է դատապարտված Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանի սպանության համար:

Ով ում վրա է կրակել, ովքեր են վիրավորներն ու ձերբակալվածները, պարզ չէ:

Գյումրիի բժշկական կենտրոնից «Ազատությանը» հայտնեցին, որ հունիսի 19-ի գիշերը իրենց հրազենային վնասվածքով պացիենտ չի դիմել, մամուլն անգամ գրում է, թե վիրավորները բուժում են ստանում տանը, իսկ Քննչական կոմիտեից միայն ասացին՝ կան ձերբակալման որոշումներ, կատարվում են քննչական գործողություններ: Առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ վիրավորվել է Մարտուն Գրիգորյանի ավագ որդին, իսկ հորեղբոր որդին 15 միլիոն գրավի դիմաց տնային կալանքի տակ է:

Քննչական մարմնի լռության պայմաններում «Ազատություն»-ը փորձեց այս հարցերը նաև ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանից ճշտել, նա մեր զանգերին չի պատասխանում: Այցելեցինք նրա գրասենյակ, որի դռները փակ էին, իսկ ընտանիքի փաստաբան Արսեն Բաբայանը միայն բանավոր փոխանցեց, թե այս պահին տեղեկություն չունեն հայտնելու:



XS
SM
MD
LG