«Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող կազմակերպության հետ», - վստահեցնում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) այսօր տարածած հաղորդագրությունը:
ФСБ-ն այսօր տեղեկացրեց, որ բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ՝ Բաղիկյան եղբայրները, որոնք, ФСБ-ի փոխանցմամբ՝ միջազգային հետախուզման մեջ են:
Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, ադամանդ արդյունահանող ռուսական առաջատար "АЛРОСА" ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան:
«Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Սուքիասյան Խ. - ն է», - նշված է հայտարարությունում:
Պնդելով, որ ռուսական կողմի այս հայտարարությունն ամբողջությամբ հորինվածք է և Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ, ՔՊ-ական պատգամավորի խոսնակը նշում է, թե Խաչատուր Սուքիասյանին ուղղակի տեղեկատվական պատերազմ է հայտարարվել:
«Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ՝ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է», - նշել է Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը:
Թե ինչու ФСБ -ն հենց Խաչատուր Սուքիասյանի դեմ պետք է տեղեկատվական պատերազմ սկսի, պնդելով, որ ադամանդի այդ գործարանի շահառուն հայազգի պատգամավորն է, պարզ չէ:
Դեռևս 2019-ին ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը մասնակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը:
«Հետք»-ի աչքից չէր վրիպել, որ այն ժամանակ Սուքիասյանը լրատվամիջոցների հետ զրույցներում բավականին տեղեկացված էր գործարանի աշխատանքներից, պատվերներից, անգամ ապագա ծրագրերից:
Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերության սեփականատերերը 2017 թվականից եղել են Ասպարիկ Բաղիկյանը և Մարինե Բաղիկյանը: 2024-ից արդեն միակ բաժնետերը Արթուր Մավրիկի Օհանջանյանն է:
Ի դեպ, դեռևս 2021-ին «Հետք»-ը գրել է, որ ադամանդների վերամշակմամբ զբաղվող «Էյ Դի Էմ Դայմոնդս» գործարանին փոխկապակցված ընկերությունը դեռևս 2020 -ին ադամանդ էր ներմուծել Հայաստան՝ կեղծելով արժեքն ու խուսափել 17 մլն դրամի մաքսատուրքից:
Ռուսաստանի Դաշնային ծառայության տվյալներով՝ Բաղիկյանի եղբայրներից բացի, բացահայտված հանցավոր խմբի մաս են ևս երկու հայեր:
Մասնավորապես՝ Ռուսաստանի իրավապահները "АЛРОСА" ընկերության աշխատակցուհի Վալանտինա Մատյուշենկովայից և նրա որդուց բացի, ձերբակալել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ Արմեն Պետրոսյանին ու Արման Սահակյանին: Ընդորում, ըստ ФСБ -ի, նրանք պատասխանատու են եղել թանկարժեք քարերի մաքսանենգության, ինչպես նաև թանկարժեք քարերը ավելի ցածրարժեք և անորակ քարերով փոխարինելու համար:
Շուրջ 1.7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ էլ այս 4 անձինք ձերբակալվել են, որի մասին ФСБ-ն նաև տեսանյութ է հրապարակել:
Ռուսաստանի իրավապահների փոխանցմամբ՝ մեղադրյալները բարձրորակ ադամանդի հումքը պարբերաբար հափշտակել են անցած տարվա սեպտեմբերից՝ մինչև այս տարվա հունվար, և դրանք ուղարկել Հայաստան՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս»:
Ադամանդների վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունը
քիչ առաջ լրատվամիջոցներով տարածած հաղորդագրության մեջ հերքել է ռուստանյան իրավապահ մարմինների պնդումները, շեշտելով, թե «երբևէ չի համագործակցել անօրինական և հանցավոր խմբերի հետ»։
«Էյ Դի Էմ Դայմոնդս»-ը նաև հերքել է կապը Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, պդնելով, որ վերջինս չի հանդիսանում և չի հանդիսացել ոչ ընկերության շահառու, ոչ ընկերության բաժնետեր, ոչ էլ առավել ևս՝ սեփականատեր: